BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Թույլ տվեցին Կիսելյովին «քիթը մտցնել» Հայաստանի ներքին կյանք»

«Թույլ տվեցին Կիսելյովին «քիթը մտցնել» Հայաստանի ներքին կյանք»
20.06.2014 | 17:16

Ռուս տարբեր աստիճանի չինովնիկների` Հայաստան կատարած այցերի ժամանակ հնչեցրած դիվանագիտական էթիկետը խախտող հայտարարություններին ՀՀ ԱԺ պատգամավորները և տարբեր պաշտոնյաներ ստիպված են արձագանքել և ըստ այդմ էլ` մեր հանրությանը հիշեցնել օրեցօր կորսվող մեր ինքնիշխանության վերջին փշուրների մասին: Վերջին ակնառու փաստը «Ռուսաստանն այսօր» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի` ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունն էր, որ, եթե ՀՀ-ում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, ապա դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և դրանից Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Ինքնիշխանության կորստի վտանգը զգացող և նրա համար պայքարող տարբեր անհատներ, խմբեր, նորաստեղծ կուսակցություններ ժամանակ առ ժամանակ հայտարարում են ՀՀ-ի` եվրաինտեգրման, Ռուսաստանի նեոկայսրական քաղաքականությանը կոշտ պատասխան տալու անհրաժեշտության մասին: Այդ կուսակցություններից մեկն էլ ՀՀՇ-ն է, որի անդրանիկ համագումարը տեղի ունեցավ անցյալ տարի, հոկտեմբերին:
ՀՀՇ-ն անցած ամիսների ընթացքում հանդես չի եկել ՌԴ-ի տարբեր պաշտոնյաների` ՀՀ-ում հնչեցրած հայտարարությունների դատապարտմամբ: Ավելին, երբ «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությունը համագործակցության կոչով դիմեց իրենց արևմտյան արժեհամակարգի ջատագով հռչակած կուսակցություններին, այդ թվում նաև` ՀՀՇ-ին, նրանք ժամանակ են խնդրել այդ հարցում վերջնական դիրքորոշում հայտնելու համար:
irates.am-ի հետ զրույցում ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք ողջունել են «Եվրոպական ընտրության» առաջարկությունը:
«Ես ինքս մասնակցել եմ այդ նախաձեռնության առաջին հավաքին, որը կազմակերպել էին իրենք, պատրաստակամություն ենք հայտնել համագործակցելու տարբեր հարցերի շուրջ, համամիտ ենք ամբողջովին իրենց մոտեցումներին: Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք «Եվրոպական ալյանս» ձևավորելու անհրաժեշտության մասին, որի հիմքում կլինեն քաղաքական ուժերը: Այս ամենը գործընթաց է, որը մեկ օրում հնարավոր չէ սկսել ու ավարտին հասցնել: Լինում են տարբեր հանդիպումներ, խորհրդատվություններ, քննարկումներ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ, երբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարեց, թե ՀԿ-ներն են խանգարում հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, ՀՀՇ-ի ձայնը չլսվեց, Դմիտրի Կիսելյովն է հայտարարություններ անում, կրկին արևմտամետ ՀՀՇ-ի ձայնը չի լսվում:
«Ձայն լսել-չլսվելը փոքր-ինչ հարաբերական է: Եթե կուսակցությունը բոլոր հարցերին վերաբերող հայտարարություններ չի տարածել, մենք տարբեր հարցազրույցներում արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Գրեթե բոլոր հարցերի շուրջ: Եղել են հարցեր, որոնց վերաբերյալ մենք հանդես ենք եկել հայտարարությունների տեսքով, եղել են հարցեր, որոնց անդրադարձել ենք հարցազրույցներում: Մենք ուշադիր հետևում ենք քաղաքական պրոցեսներին, զուգահեռ զբաղվում ենք նաև կուսակցաշինությամբ, քանի որ մի քանի ամիս է, ինչ մեր կուսակցությունը ստացել է գրանցում»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարեն Կարապետյանը խայտառակություն որակեց այն իրողությունը, որ մեր իշխանություններն առանձին շուքով դիմավորեցին Դմիտրի Կիսելյովին:
«Այնպիսի տպավորություն էր, որ դիմավորում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի: Նա այն մարդը չէր, որն արժանի էր նման ընդունելության: Իշխանությունները թույլ տվեցին Կիսելյովին, բառիս բուն իմաստով, «քիթը մտցնել» Հայաստանի ներքին կյանք, խառնվել ՀՀ-ի օրենքներին: Մինչդեռ այդ մարդուն պետք էր հասկացնել, որ ինքը գտնվում է օտար պետությունում և իրավունք չունի խառնվելու այդ պետության ներքին գործերին: ՀՀ պետական լեզուն հայերենն է, և մեկ այլ լեզու չպետք է հավակնի լինելու երկրորդ մայրենի լեզու»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ԱԺ ոչիշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի գործունեությանը, որը նախօրեին իր մեկ ձայնով ՀՀԿ-ին օգնել էր քվորում ապահովելու մեջ և ում հետ ժամանակին քաղաքական նույն ճամբարում էին գտնվում ՀՀՇ-ի ներկայիս ղեկավարները, ապա Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ